Սիրիայի նոր արտգործնախարարը Թեհրանին կոչ է արել քաոս չտարածել երկրում
Սիրիայի նոր արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան աշ Շիբանին դեկտեմբերի 24-ին կոչ է արել Իրանին հարգել Սիրիայի ժողովրդի կամքը և երկրի ինքնիշխանությունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - գրել է աշ Շիբանին սոցիալական ցանցերում։
Սիրիայի արտգործնախարարության ղեկավարը նաև հայտարարել է, որ Իրանին զգուշացնում է Սիրիայում քաոս չտարածելու մասին և պատասխանատվության կոչ է անում վերջերս արած հայտարարությունների համար։
Աշ Շիբանիի հաղորդագրությունը պատասխան է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիին, որը դեկտեմբերի 22-ին հեռուստաուղերձում կոչ էր արել սիրիացի երիտասարդներին «հաստատ վճռականությամբ հանդես գալ երկրում անկայունություն կազմակերպողների դեմ»:
Դեկտեմբերի 8-ին Սիրիայի զինված ընդդիմությունը հայտարարել է, որ գրավել է Դամասկոսը և զբաղվում է իշխանության անցումային մարմինների ձևավորմամբ։
Դեկտեմբերի 21-ին Սիրիայի ժամանակավոր կառավարությունը աշ Շիբանիին նշանակել է արտաքին գործերի նախարար։