Բայդենը ստորագրել է օրենք՝ սպիտակագլուխ արծիվը պաշտոնապես ճանաչելով ԱՄՆ-ի ազգային թռչուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 24-ին ստորագրել է օրենք սպիտակագլուխ արծիվը երկրի ազգային թռչուն ճանաչելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC լրատվամիջոցը։
Կոնգրեսն այս օրինագիծն ընդունել էր միաձայն։
Սպիտակագլուխ արծիվը Միացյալ Նահանգների պաշտոնական փաստաթղթերում օգտագործվող Մեծ կնիքի վրա պատկերված է 1782 թվականից, երբ դիզայնը վերջնական տեսքի բերվեց: Կնիքի վրա պատկերված են սպիտակագլուխ արծիվ, ձիթենու ճյուղ, նետեր, վահան՝ ԱՄՆ դրոշի գույներով, 13 աստղ՝ կապույտ ամպի մեջ և «E Pluribus Unum» գրությունը, որը նշանակում է «Շատերից միակը»։
ABC-ն հիշեցնում է, որ նույն թվականին ԱՄՆ Կոնգրեսը սպիտակագլուխ արծիվը հայտարարել էր ազգային խորհրդանիշ, սակայն այն պաշտոնապես չէր ճանաչվել ԱՄՆ-ի ազգային թռչուն։