Երևանում օդի աղտոտվածության մասին տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին շրջանում շատ է խոսվում Երևան քաղաքում օդի աղտոտվածության մասին։ Ես, իհարկե, ո՛չ շրջակա միջավայրի, ո՛չ էլ օդի աղտոտվածության մասնագետ չեմ և այն, ինչ հիմա կասեմ, համարեք, որ միասին բարձրաձայն մտածում ենք, որպես խնդրով մտահոգ քաղաքացիներ։
Երևի նկատել եք, որ օդի աղտոտվածության մասին խոսելիս հիմնականում հղում է արվում այս կայքին՝ https://www.iqair.com/armenia/yerevan։ Երբ բացեցի այս կայքը, ինձ մոտ մի պարզ հարց ծագեց, իսկ որտեղի՞ց է այն վերցնում օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները:
Համապատասխան էջը բացելուց հետո պարզվեց, որ Երևան քաղաքի համար տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ։ Կից նկարով տեղադրում եմ դրանք, որպեսզի դուք էլ համոզվեք դրանում։ Նաև տեղադրում եմ նույն կայքի Լոնդոնի, Միլանի և Վիեննայի աղբյուրները, որպեսզի տեսնեք, թե ինչպիսի հավաստի աղբյուրներից է տվյալներ վերցնում նույն կայքը այդ քաղաքների համար։
Որպեսզի այս խնդրի վերաբերյալ տեղեկատվական խառնաշփոթը և դրանից բխող պանիկան վերանա, կարծում եմ, որ Երևանի քաղաքապետարանը, Շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունները պետք է պարբերաբար հանրությանը ներկայացնեն օդի աղտոտվածության իրական և պրոֆեսիոնալ չափումները և նաև մեկնաբանություններ անեն մեր առողջության վրա դրանց ազդեցության վերաբերյալ։
Վերոգրյալը որևէ կերպ չի նշանակում, որ Երևանում կամ այլուր օդի աղտոտվածություն չկա, սակայն միայն հավաստի տեղեկատվությունն է մեզ թույլ տալու հասկանալ խնդրի իրական խորությունը և դրա դեմ պայքարի իրական քայլեր անել, որպեսզի հնարավորինս մաքուր օդ ունենանք թե՛ Երևանում, թե՛ ամբողջ երկրում»։