Ռուսական Ursa Major նավը խորտակվել է Միջերկրական ծովում

Ռուսական Ursa Major բեռնատար նավում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո նավը խորտակվել է Միջերկրական ծովում: Անձնակազմի 14 անդամները փրկվել են, երկուսն անհետ կորած են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Espanol պարբերականը։
Ըստ հրապարակման՝ ռուսական Ursa Major առևտրային նավը խորտակվել է Իսպանիայի Ագիլաս քաղաքի և Ալժիրի Օրան քաղաքի միջև ընկած միջազգային ջրերում՝ դեկտեմբերի 23-ին մեքենայական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունից հետո: Անձնակազմի տասնչորս անդամները փրկվել են և տեղափոխվել Նոր Կարթագենի նավահանգիստ, անձնակազմի երկու անդամները դեռևս անհետ կորած են։
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են մի քանի ձկնորսական նավակներ։ Ավելի ուշ նրանց են միացել փրկարարները Clara Campoamor նավից և Իսպանիայի ռազմածովային ուժերի Serviola պարեկային նավից:
Ռուսական նավը Սանկտ Պետերբուրգից դուրս էր եկել 12 օր առաջ։