Սպանդանոց է, գնալու եմ մինչև վերջ. «Արթկոսմեդ» կլինիկայում «սարսափ ֆիլմ» հիշեցնող տեսարան է (տեսանյութ)
Փակ դռներ, մթություն, մեռյալ լռություն. «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնում հոլիվուդյան սարսափ ֆիլմ հիշեցնող տեսարան է, որտեղ աշխատանքային ժամին ո՛չ բժիշկներ կան, ո՛չ ընդունարանի աշխատակից, ո՛չ էլ՝ պահակ:
Կից գործող 19-րդ պոլիկլինիկայի աշխատակիցները, որոնք չեն ցանկացել ներկայանալ, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել են՝ Կենտրոնն արդեն մի քանի օր է՝ փակ է, աշխատակիցները չեն գալիս:
Հիշեցնենք, որ հենց այս կլինիկայում հոկտեմբերին պլաստիկ վիրահատության ժամանակ մահացավ 56-ամյա Զաբել Կարապետյանը, որը վիրահատության նպատակով Գերմանիայից էր եկել Հայաստան: Նրան վիրահատել էր հաստատության տնօրենը՝ Արթուր Սարգսյանը:
Այս կենտրոնում նույն բժշկի վիրահատությունից հետո մեկ տարի առաջ էլ մահացել էր 32-ամյա Ալվարդ Վարդանյանը։
Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Օրեր առաջ դեպքին անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ վստահեցնելով.
«Կոնկրետ գործով շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ, խստությամբ կպատժվեն: Քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը»,- ասել էր նա:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: