ՔԿՀ-ներում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածների պահման վայրերում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում։
Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակում ներկայացվել է ոլորտի վերաբերյալ արտահերթ զեկույցը։
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
«Զեկույցում անդրադարձել ենք տարբեր հիմնախնդիրների, ներկայացրել պրակտիկ օրինակներ և առաջարկություններ։ Նախևառաջ, ուզում եմ շեշտել, որ մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են, որ այս ոլորտում բացակայում են միջազգային չափանիշներին համապատասխան իրավական կարգավորումները, ինչը շատ լուրջ խնդիր է։ Թեմայի վերաբերյալ հանրային լայն քննարկումներ ևս գրեթե չեն անցկացվում: Այդ տեսանկյունից խիստ անհրաժեշտ է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Ըստ Պաշտպանի՝ պատասխանատու գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում է հնարավոր խնդիրներին տալ պատշաճ լուծումներ։ Շատ կարևոր է նաև, որ իրավասու մարմինների ներկայացուցիչները ունենան պատշաճ գիտելիքներ, պարբերաբար մասնակցեն վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև իրենց աշխատանքում կիրառեն միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդաբանական ուղեցույցներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ղեկավար Լաուրա Գասպարյանը, ներկայացնելով զեկույցը, շեշտել է, որ խոշտանգումների բացարձակ արգելքի համակողմանի ապահովման տեսանկյունից առանցքային է արդյունավետ կառուցակարգերի ներդրումն ու կատարելագործումը, այդ թվում` օրենսդրական դաշտի բարելավումը, ինչն այսօր մեր երկրում շարունակում է խնդրահարույց մնալ։
«Թեև տարիներ շարունակ խնդիրը մեր կողմից բարձրաձայնվել է, բայց որևէ էական փոփոխություններ չեն իրականացվել։ Փորձել ենք այս արտահերթ զեկույցի միջոցով ներկայացնել առկա մարտահրավերները։ Զեկույցում մանրակրկիտ վերլուծված է դաշտը, ներկայացված են հստակ օրինակներ և առաջարկություններ, ոլորտը բարելավելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու տեսանկյունից։ Մեր առաջնային նպատակն է կանխարգելել խոշտանգումները և վատ վերաբերմունքը»,- ասել է Պաշտպանի ներկայացուցիչը։
Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ և դեսպանությունների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են նաև պրակտիկայում հաճախ հանդիպող խնդիրները և համատեղ քննարկվել են դրանց լուծման ճանապարհները։
Ամփոփելով միջոցառումը՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, դեսպանությունների, պետական մարմինների, Փաստաբանների պալատի, ՀԿ ներկայացուցիչներին՝ մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծմանը աջակցելու պատրաստակամության համար։
Միջոցառումը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում: