Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում նրա հետ՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու. Անի Բադալյան
Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն:
Մեկնաբանելով Կոսովոյի անձնագրերը ըստ էության ճանաչելու այս որոշումը՝ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» հայտնել է՝ նպատակը մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը ապահովելն է:
Հաշվի առնելով, որ Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը՝ «Լուրերը» Անի Բադալյանից հետաքրքրվել է նաև՝ գործակցության ու հարաբերությունների ամրապնդման ի՞նչ փուլում են Հայաստանն ու Կոսովոն, հնարավո՞ր է արդյոք այդ երկրի անկախության ճանաչում: ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանել է.
«Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա, ինչպես տեղյակ եք, Հայաստանի և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, մակարդակներով: Երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում: Նկատենք, որ այս առումով Հայաստանի Հանրապետությունն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և՝ մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման»,- ասել է Անի Բադալյանը: