Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Կրթության տեսչական մարմնի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին ներկա են եղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և տեսչական մարմնի աշխատակիցներ:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտադրելով նախարարության և տեսչական մարմնի համագործակցության կարևորությունը: Նա ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության ոլորտի բարեփոխումները:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ կառույցն իր գործունեության շրջանակում պետք է մշտապես հաշվի առնի երեխայի լավագույն շահը՝ միանշանակորեն բացառելով որևէ տեսակի բռնություն դպրոցներում:
«Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ, որն անթույլատրելի է: Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում և այս երևույթի բացառման ուղղությամբ մենք պետք է ջանքերը համատեղենք և ավելացնենք»,- ասել է նախարարը` ընդգծելով տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետության բարելավումը հատկապես այս ուղղությամբ:
Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ձեռքբերումները և 2025 թվականի մարտահրավերները՝ շեշտելով վերահսկողական և կանխարգելիչ գործընթացների բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունները:
Ներկաներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Հանդիպմանը ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները ուղղել են իրենց հուզող հարցերը, մտքեր փոխանակել կրթության որակի բարձրացման և տեսչական մարմնի աշխատանքը կատարելագործելու վերաբերյալ: Գործընկերները դրական են գնահատել տեսչական մարմնի գործիքակազմի և մեթոդաբանության լավարկման աշխատանքները։
Միջոցառման ավարտին Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով։