Հայտնաբերվել է օրեր առաջ Երևանում հրկիզվшծ մեքենայի գործով կասկածյալը
ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով հայտնաբերել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 26-ամյա Դավիթ Պ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, վերջինը կասկածվում է դեկտեմբերի 16-ին Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու մեջ:
Քրեական և համայնքային ոստիկանները նրան հայնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանում և տեղափոխել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ արարքն ինքն է կատարել:
Ոստիկանությունից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 16-ին գույքի դիտավորությամբ վնասման դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վաչության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություներ էին ստացվել, որ Վիլնյուսի փողոցում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել էր, որ հրդեհ է բռնկվել «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել էին ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները:
Նոր Նորքի ոստիկանները պարզել էին, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ.-ին, և ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են և կա տեսագրություն, իսկ հրկիզման արդյունքում Մարիամ Վ.-ին պատճառվել է 4 միլիոն դրամի վնաս:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: