Զուրաբիշվիլին պահանջել է մինչև դեկտեմբերի 29 Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացնել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ դեկտեմբերի 29։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Զուրաբիշվիլին հայտարարել է դեկտեմբերի 22-ին նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած հանրահավաքում։
«Իվանիշվիլին թող գա, քանի որ նա է ամեն ինչ վերահսկում։ Եվ ես պատրաստ եմ, որ մենք նստենք ու որոշենք, թե ինչպես են նշանակվելու ընտրությունները։ Պարզապես ընտրությունների նշանակման ժամկետը պետք է համաձայնեցվի մինչև (խմբ.՝ դեկտեմբերի) քսանինը», - Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա նաև նշել է, որ շարունակում է մնալ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։
Հոկտեմբերի վերջին Վրաստանում կայացած ընտրությունները, որոնց արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, Զուրաբիշվիլին լեգիտիմ չի համարում։
Դեկտեմբերի 29-ին լրանում է Վրաստանի նախագահի պաշտոնում Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը, որից հետո պետք է տեղի ունենա Վրաստանի նորընտիր նախագահ, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալությունը։ Ղավելաշվիլին նախագահ է ընտրվել ոչ թե ուղղակի քվեարկության արդյունքում, այլ ընտրիչների կոլեգիայի որոշմամբ։
Դեկտեմբերի 22-ին ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 29-ին պետք է հեռանա իր պաշտոնից։ Կոբախիձեն նախազգուշացրել էր, որ եթե այդ օրը նա կամավոր չհեռանա նախագահական պալատից, ապա նրան բանտարկություն է սպառնում։