Մասիսում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն, վերջինն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով ծառին. կան վիրավորներ
Դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են «Opel» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին և ցանցե ցանկապատին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով «Opel»-ի վարորդը եղել է ոչ սթափ, սակայն պարեկները նշում էին, որ այն թույլատրելի չափաբաժին է եղել։