Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի շենքերից մեկում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ Քասախ գյուղի Վազգեն Սարգսյանի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 52-ամյա Գարիկ Հ.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Նաիրիի բաժնի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։