Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելով մեծանուն կոմպոզիտորին 85-ամյակի և վերջինիս նվիրված հոբելյանական համերգի կայացման առթիվ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին եռանդի և նվիրումի համար՝ նշելով.
«Ձեր բոլոր ստեղծագործություններն իրենց մեջ հույսի և լուսավորության գաղափար են կրում: Ձեր եռանդն ու ոգևորությունը փոխանցվում են բոլորիս, իսկ Ձեր բազմաժանր ժառանգությունը դարձել է մեր հանրության սեփականությունը»:
Ռոբերտ Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և դրական խոսքերի համար:
«Զգացի, թե մարդիկ որքան միասնականացան այդ երաժշտության ներքո: Մենք ավելի ուշադիր պետք է լինենք մեր հոգու հանդեպ և կարողանանք կոփել մեր միասնությունը»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը՝ մեջբերելով ստեղծագործության բնաբանը՝ «Ես կյանքը սիրում եմ առանց քեզ ևս, բայց քեզ հետ հասկանում եմ, թե ինչու»:
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ քննարկվել են նաև հեղինակային իրավունքի պաշտպանությանն առնչվող հարցեր:
«Ամեն կերպ փորձում ենք ինքնազբաղ արվեստագետների համար ստեղծել երաշխիքներ և պայմաններ, որպեսզի նրանք, մեր երկրում ստեղծագործելով, արժանապատիվ վաստակելու և ապրելու հնարավորություն ունենան: Այս համատեքստում հեղինակային իրավունքի պաշտպանության մեխանիզմներն առանցքային են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով ոլորտի երախտավորների հետ համատեղ աշխատելու պատրաստակամությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երաժշտարվեստի ոլորտի խնդիրներին, ազգային երաժշտության հանրահռչակմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մաեստրոյի կողմից մի շարք լեզուներով նովելների երաժշտականացման և տարբեր խմբերի միջոցով դրանց կատարման հնարավորություններին»,-ասված է հաղորդագրության մեջ: