Բավարիան և Լայպցիգն արձագանքել են Մագդեբուրգում սաուդցու կողմից ամբոխի վրա հարձակմանը
«Բավարիան» և «Լայպցիգը» արձագանքել են Մագդեբուրգում սաուդցու կողմից ամբոխի վրա հարձակմանը։ Armsport-ի փոխանցմամբ՝ Die Welt-ը հաղորդում է, որ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է 60-ից 80 մարդ։
Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Պաշտոնական տվյալներով՝ նա Սաուդյան Արաբիայից 50-ամյա բժիշկ է, ով ապրում է Գերմանիայում 2006 թվականից։ Իշխանությունները միջադեպը համարում են ահաբեկչություն։
Հաղորդվում է, որ հարձակման նախօրեին տղամարդը վարձակալել է BMW մակնիշի ավտոմեքենա։
Մեքենայի նստատեղի վրա հայտնաբերվել է ուղեբեռ, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք այնտեղ եղել է պայթուցիկ սարք։ Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք վարորդը գործել է միայնակ։
Bild և Volksstimme պարբերականների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի։ Ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնը և շարունակում է պայթուցիկ նյութերի որոնումները։
«Բավարիան» այս առնչությամբ գրել է իր թվիթերյան էջում. «Սարսափով հետևում ենք Մագդեբուրգից ստացվող նորություններին»։
«Լայպցիգը» նույնպես արձագանքել է. «Մենք շոկի մեջ ենք և խորապես վշտացած Մագդեբուրգից ստացված լուրերից։ Մեր մտքերն ուղղված են զոհերին, նրանց ընկերներին և ընտանիքներին։ Մաղթում ենք բոլոր տուժածներին արագ ապաքինում և շնորհակալություն ենք հայտնում բոլոր փրկարարներին ու առաջին օգնություն ցուցաբերած անձանց»։
«Բավարիայի» գլխավոր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը հայտնել է, որ «Լայպցիգի» հետ հանդիպումից (5:1) հետո որոշվել է չանցկացնել տոնական միջոցառումներ։
Մանրամասներն ու տեսանյութը՝ սկզբնաղբյուրում։