Վաղարշապատում ոռոգումը և բարեկարգումը կազմակերպվել են ապօրինի ջրառով. ԲԸՏՄ-ն կասեցրել է 13 ապօրինի խորքային հորերի շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկում կատարած ստուգման ընթացքում արձանագրվել են ապօրինի ջրառի դեպքեր։ Այդ մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:
Համայնքի հրապարակների, այգիների, փողոցների, դպրոցների, կանաչ տարածքների ոռոգման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ընթացքում, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, շահագործվել է 13 ապօրինի խորքային հոր։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։
Հիմնարկի տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով։