ԵՄ-ն որոշել է ակտիվացնել շփումները Սիրիայի նոր իշխանությունների հետ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
ԵՄ-ն որոշել է ակտիվացնել շփումները Սիրիայի նոր իշխանությունների հետ, այդ թվում՝ հումանիտար ուղիների օգտագործմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մեզ համար կարևոր է ակտիվացնել շփումները տեղում (խմբ.՝ Սիրիայում), շարունակել հասցեագրել սիրիացի ժողովրդի հումանիտար կարիքները։ Մենք հաղորդակցության ուղիներ ենք հաստատել «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի (ՀԹՇ) հետ քաղաքական բանակցությունների համար՝ հիմնվելով մեր հումանիտար օգնության միջոցով արդեն իսկ ստեղծված հաղորդակցության ուղիների վրա։ Մենք այս ուղիները միշտ էլ ունեցել ենք՝ միևնույն ժամանակ հարգելով «Ասադի կառավարության հետ ոչ մի շփում, ոչ մի համագործակցություն, ոչ մի ֆինանսական օգնություն» սկզբունքը», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև հայտնել է, որ Եվրամիության դեսպանը վերադարձել է Դամասկոս։
Ֆոն դեր Լայենը նաև հավելել է, որ ԵՄ-ն մտադիր է Սիրիայի հետ իր փոխգործակցության ընթացքում ակտիվորեն գործի դնել հումանիտար օգնությունը, այդ թվում, դոնորների միջազգային խորհրդաժողվների շրջանակներում հանգանակված օգնությունը: Նա հավելել է, որ միայն այս տարի սիրիացիներին տրամադրվել է ավելի քան 160 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն։