ՏԿԵ նախարարը աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին։
«Նախ շնորհակալություն եմ հայտնել Մուշեղ Մուրադյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Ապա շնորհավորել եմ Դավիթ Առուշանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ կարճ ժամանակում նա կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք դրվել են ՀՀ կառավարության և Շիրակի մարզի ժողովրդի կողմից։
Ընդգծել եմ, որ մեծ ծավալի աշխատանք կա անելու, և վստահություն եմ հայտնել, որ ջանք գործադրելու արդյունքում հնարավոր կլինի լավ ցուցանիշներ ապահովել։
Մուշեղ Մուրադյանը նույնպես շնորհավորել է Դավիթ Առուշանյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
Դավիթ Առուշանյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել այս բարդ ու պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, նշել, որ մարզի և բնակիչների բոլոր խնդիրները լսելի կլինեն, և դրանց կտրվեն անհրաժեշտ լուծումներ»,- գրել է Խուդաթյանը։