Ռեստորանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել «Subaru» մակնիշի ավտոմեքենայում. «Nissan»-ն ու «Mercedes»-ը մասամբ վնասվել են
Դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Subaru» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու «Բելաջիոյի» աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Մասամբ վնասվել են նաև կայանված «Nissan» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են «Subaru»-ի և մասամբ վնասված «Nissan»-ի ու «Mercedes»-ի սեփականատերերի ինքնությունը։