Երեկ հայրս զանգել է Բաքվից, սպասում ենք դատավարության արդյունքներին․ Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան
Ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայրենիք վերադարձնելու ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս։ Ադրբեջանի դատախազությունը 15 տարվա ազատազրկման է դատապարտել 3 հոգու՝ Հակարի կամրջից առևանգված Վագիֆ Խաչատրյանին, Ռաշիդ Բեգլարյանին ու Մադաթ Բաբայանին։ Մյուսների դատավարությունից դեռ որևէ նորություն հայտնի չէ։
MediaHub-ը կապ հաստատեց Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի որդու՝ Տիգրանի հետ։ Վերջինս մեզ փոխանցեց, որ դատավարությունից առայժմ ոչինչ հայտնի չէ։
«Մի անգամ գործը տվել են դատարան, հետո հետ են վերցրել։ Երեկ հայրս զանգել է Բաքվից։ Իր մոտ ամեն ինչ նույնն է, ասել է, որ գործը նորից հասել է դատարան, և հիմա սպասում ենք ընթացքին։ Հույսներս չենք կորցնում, որ հայրս կարդարացվի ու կվերադառնա մեզ մոտ»,- ասաց Տիգրան Բաբայանը։
Ադրբեջանի դատախազությունը հրապարակել է Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Դավիթ Ալավերդյանի, Վասիլի Բեգլարյանի և Էրիկ Ղազարյանի անունները։
Հրապարակած ցանկում բացակայում էր Ռուբեն Վարդանյանի անուն ազգանունը։ Օրերս հայտնի դարձավ, որ Բաքուն նոր մեղադրանքներ է առաջադրել ընդդեմ Ռուբեն Վարդանյանի՝ նրան ցմահ ազատազրկման դատապարտելու նպատակով։ Այդ մեղադրանքները և ողջ դատական գործընթացը փակ են պահվում։