Փոխհրաձգություն՝ Աբխազիայի ԱԺ-ում. պատգամավորներից մեկը մահացել է
Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Վախթանգ Գոլանձիան մահացել է Սուխումի խորհրդարանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Դեկտեմբերի 19-ին ավելի վաղ Աբխազիայի ներքին գործերի նախարարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ հանրապետության խորհրդարանում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկու պատգամավոր։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել պատգամավորներ Ադգուր Խարազիայի, Կան Կվարչիայի և Վախթանգ Գոլանձիայի մասնակցությամբ։ Խարազիան մի քանի կրակոց է արձակել՝ վիրավորելով Կվարչիային և Գոլանձիային։
«Գոլանձիան մահացել է, նա վիրավորվել էր գլխից: Կվարչիայի կյանքին վտանգ չի սպառնում, նա վիրավորվել է ուսի շրջանում», - հայտնել են գերատեսչությունում։
Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը։