Քրեակատարողական հիմնարկների՝ մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակից սոցիալական աշխատողներին տրվել են ավարտական վկայականներ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանն Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում ներկա է գտնվել «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների հանձնման արարողությանը։
Ինստիտուտի կողմից անցկացված որակավորման եռամսյա հեռավար դասընթացին, ի թիվս այլոց, մասնակցել էին «Արթիկ», «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների 10 սոցիալական աշխատողներ։ Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում։
Միջոցառման մեկնարկին Սահակ Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ ազատազրկված անձանց հետ իրականացվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունավետության բարձրացման կարևոր բաղադրիչներից են սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացումն ու անհրաժեշտ գիտելիքների ապահովումը։
Մասնակիցներին ավարտական վկայականները հանձնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։
Արարողությանը ներկա են եղել նաև Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը, Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը, Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյանը, Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը և այլ հյուրեր։