Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահի հետ
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի (Լոկ Սաբհա) նախագահ Օմ Բիրլայի հետ: Օմ Բիրլան ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Հնդկաստանում ու նշել, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր հեռանկարներ է բացելու:
Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ նման շփումները կարեւոր նշանակություն ունեն հայ-հնդկական խորացող հարաբերությունների զարգացման համար:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադարձ կատարելով նաեւ երկկողմ հարաբերություններին ու հետաքրքրություններին առնչվող այլ թեմաների: Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել նաեւ որոշ մանրամասներ հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից:
ՀՀ ԱԺ նախագահը շրջայց է կատարել Հնդկաստանի խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի ընթացքին ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում: