Ոչ եթերային անուն ունի այն մարդը, որը նիստից հետո զանգում է լրագրողին, պատմում լսածը. Հովհաննիսյան (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում փոփոխություններ են տեղի ունենում։
5-րդ Քաղաքական ժողովից հետո կուսակցության վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց՝ հայտնելով՝ թիմի ներսում որոշվել է 2 շատ կարևոր բան. առաջինն ու կարևորներից մեկը, ըստ նրա, այն է, որ Կուսակցությունն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, և երկրորդը՝ կուսակցությունը չպետք է զարգանա որպես պետական պաշտոնյաների կամ Տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կուսակցություն, այլ հանրության ավելի լայն շերտեր ներգրավի այն մարդկանցից, որոնք պաշտոնյաներ չեն:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ տեղի ունեցած վերջին իրադարձություններն արագացրել են այս կանոնները սահմանելու անհրաժեշտությունը։
Վերջինս միաժամանակ նկատում է՝ այս պահին ազդակ չկա, որ կուսակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին առաջիկայում թիմից այլ մարդիկ էլ կմիանան:
Հովհաննիսյանը շեշտում է, որ կուսակցականի վարքն ու բարքը պետք է ուղիղ համեմատական լինի կուսակցության վարկանիշին, դրա համար է առաջ եկել որոշումը՝ կանոնակարգելու ներսի աշխատանքը, որպեսզի կուսակցականները հասկանան, թե իրենց կյանքը ինչպես է փոխվելու կուսակցական դառնալուց հետո, ինչից են հրաժարվելու, ինչ հանրային վարվելակերպ պետք է դրսևորեն:
Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ բերավարքության նորմերը կսահմանվեն վեց ամսվա ընթացքում, որոնք կհաստատվեն կուսակցության համաժողովին։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: