Երկկողմ համագործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանին
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին:
Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Դեսպանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և մաղթել հաջողություններ: Կարևորելով երկու երկրների առկա սերտ հարաբերությունները՝ նա համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:
Դեսպանն ընդգծել է, որ դաշնային կապի սպայի նշանակմամբ ապահովելով առավել օպերատիվ կապ՝ խորացել են երկկողմ հարաբերությունները: Արփինե Սարգսյանը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել է կիբերհանցավորության դեմ պայքարի, կրիպտոարժույթների շուկայում հնարավոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ոստիկանության ծառայողների վերապատրաստումների հարցը:
ՆԳ նախարարը կարևորել է անդրազգային հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակմամբ նաև այս ուղղություններն են ընդգրկվելու: Արփինե Սարգսյանը կարևորել է ոչ միայն կենտրոնական ապարատի կարիքները հզորացնելու, այլև տեղերում՝ տարածքային բաժիններում կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստումների անցկացումը:
Կողմերը ողջունել են վիզաների ազատականացման գործառնական փուլի մեկնարկը, որը տրվել է դեկտեմբերի 11-ին Երևանում ՆԳ նախարարի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ հանդիպման ընթացքում, և պատրաստակամություն են հայտնել համագործակցելու նաև այդ օրակարգի շուրջ։ Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։