Նոր բալային համակարգ՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համար․ քննարկում
Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային քննարկում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգով նախատեսված բալային համակարգի վերաբերյալ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանրային քննարկում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգով նախատեսված բալային համակարգի վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են Քրեակատարողական ծառայության, Արդարադատության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված, շահագրգիռ անձինք և իրավաբաններ։
Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է բալային համակարգի՝ փոփոխությունների ենթակա հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ դատապարտյալի ռիսկայնության գնահատման, վերասոցիալականացման նոր չափորոշիչները: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նոր չափորոշիչների նախնական գործարկման վերաբերյալ» ՀՀ արդարադատության նախարարի հրամանը՝ Ծ. Թադևոսյանը մանրամասն ներկայացրել է նաև սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից 2024 թվականին իրականացված փորձնական միջոցառումների արդյունքներն ու առավելությունները:
Քննարկվել են մասնակիցների դեմ և կողմ կարծիքները, բալային նոր համակարգի վերաբերյալ հնչեցված հիմնավոր առաջարկություններն ու դիտարկումներն ընդունվել են ի գիտություն՝ խորքային խնդիրներին բազմակողմանի լուծումներ տալու հեռանկարով։