Առկա է համագործակցության լայն օրակարգ. ՏԿԵ նախարարը՝ ՌԴ դեսպանին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ առկա է համագործակցության լայն օրակարգ՝ հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում։
Խուդաթյանը կարևորել է առաջիկայում Մոսկվայում կայանալիք ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը ոլորտային առումով ամենաընդգրկունն է և համագործակցության տեսանկյունից կարևոր հարթակ է:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այս տարվա մայիսյան հեղեղումների հետևանքով Ալավերդիում ռուսական կողմի օպերատիվ արձագանքի համար, որի արդյունքում հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել երկաթուղու աշխատանքը։