Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը
Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի (ՌՔԿՊԶ) պետ Իգոր Կիրիլովը։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը։
Զոհվել է նաև մեկ այլ զինծառայող՝ գեներալ-լեյտենանտի օգնականը։ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել։
Պայթյունը տեղի է ունեցել Ռյազանսկի պողոտա 2/1 հասցեում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ գործի է դրվել պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել տան մոտ կայանած սկուտերում։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է մոտ 200 գ տրոտիլային համարժեքով։
«Դեպքի վայրում աշխատում են քննիչներ, քրեագետներ, օպերատիվ ծառայություններ։ Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու նպատակով», - ասել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Կիրիլովը 54 տարեկան էր։ 2017 թվականից զբաղեցնում է ՌՔԿՊԶ պետի պաշտոնը։ Իգոր Կիրիլովը մասնակցել է ՏՕՍ-2, «Տոսոչկա» համակարգի ստեղծման և սպառազինության մեջ ընդգրկելու գործընթացին: COVID-19 համավարակի ժամանակ Պաշտպանության նախարարությունը նրա ղեկավարությամբ մշակում էր ռեագենտներ՝ կորոնավիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերման համար։