Զարեհ Սինանյանը ֆրանսահայ երիտասարդների հետ հանդիպմանն անդրադարձել է հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք համաժողովին
Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպել է ֆրանսահայ երիտասարդների հետ՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2024-2025թթ. մասնակիցներ Պետրոս Ասթուրյանի և Սիլվա Սահակյանի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։
Ինչպես տեղեկանում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրույցի ընթացքում Զարեհ Սինանյանը ֆրանսահայ երիտասարդներին ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու երիտասարդների ներգրավմանն ուղղված ծրագրերը, անդրադարձել 2025 թվականի ամռանը Հայաստանում անցկացվելիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովին և այլ նախաձեռնություններին։
Հանդիպմանը մասնակից երիտասարդներն իրենց հերթին ներկայացրել են համայնքային մակարդակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։
Հարցուպատասխանի ձևաչափում քննարկվել են նաև գրասենյակի և ֆրանսահայ երիտասարդների հետ համագործակցության հնարավորությունները։