Դավիթ Խուդաթյանն ու Իրանի դեսպանը պայմանավորվել են համատեղ այց կատարել Սյունիքի մարզ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
«Ողջունել եմ դեսպանին և վերահաստատել Հայաստանի և բարեկամ Իրանի միջև համագործակցության ընդլայնման մեր վճռականությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս ջանք չի խնայվի բոլոր ուղղություններով հայ-իրանական ռազմավարական գործընկերության ընդլայնման և խորացման հարցում։
Դեսպանը ևս ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցության լայն օրակարգ կա և մեծ ներուժ՝ ընդլայնելու առկա համագործակցությունը:
Հանդիպման ժամանակ քննարկել ենք տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
Պայմանավորվել ենք առաջիկայում համատեղ այց կատարել Սյունիքի մարզ` հետևելու ճանապարհաշինական, ինչպես նաև Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքին»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը: