Ալիևը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Ադրբեջանա-վրացական հարաբերությունները թելադրված են մեր ժողովուրդների կամքով, որոնք պատմականորեն ապրել են բարեկամության և բարիդրացիության պայմաններում և մշտապես աջակցել են միմյանց։ Մենք ուրախ ենք, որ նման ամուր հիմքի վրա կառուցված և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերություններն այսօր զարգանում են համակողմանիորեն և հաջողությամբ։
Հավատում եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք՝ ուղղված մեր միջպետական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների, հանուն մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման, նրա տնտեսական ներուժի իրացման։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ առաջիկա պատասխանատու գործունեության մեջ՝ հանուն Վրաստանի բարեկամ ժողովրդի բարգավաճման»,- ուղերձում գրել է Ալիևը:
Հիշեցնենք՝ Վրաստանում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Միխեիլ Ղավելաշվիլին ընտրվել է երկրի նախագահ: