Վրաստանում բողոքի ցույցերի ֆոնին այսօր տեղի կունենա նախագահի ընտրությունը
Վրաստանում այսօր տեղի կունենա նախագահի ընտրությունը: Առաջին անգամ նախագահին կընտրի ոչ թե բնակչությունը, այլ 300 պաշտոնյայից բաղկացած ընտրական կոլեգիան։ Միակ թեկնածուն պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին է, որին առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Ընդդիմությունը չի մասնակցում այդ գործընթացին, քանի որ բոյկոտում է հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքը, որի համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Նոր կառավարության լեգիտիմությունը չի ճանաչում նաև ներկայիս գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա հայտարարել է, որ անկախ նախագահի ընտրության արդյունքից՝ չի լքի իր նստավայրը, մինչև երկրում խորհրդարանի նոր ընտրություն չանցկացվի։
Նախագահի ընտրությունն ուղեկցվում է բողոքի ցույցերով: Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց հավաքվածները պահանջում են, որ «Վրացական երազանքը» հեռանա իշխանությունից: Նրանք նաև բողոքում են Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թվականն օրակարգից հանելու՝ կառավարության որոշման դեմ, կոչ անում ազատել վերջին օրերի ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացցիներին։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս միացել է ցուցարարներին:
Ազատության հրապարակում ջրցան մեքենաներ են տեղակայվել, անվտանգությունն ուժեղացվել է: Հատկանշական է, որ երեկ Վրաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որով արգելվում է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակով կամ այլ միջոցներով, օգտագործել հրատեխնիկա և լազերներ, որոնք ցուցարարները հաճախ ուղղում են ոստիկանների աչքերին և տեսախցիկներին: Նախաձեռնությամբ հանդես է եկել իշխող «Վրացական երազանքը»: