Երևանում հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթար-վրաերթի վարորդը․ նա եղել է ոչ սթափ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Նաղաշյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ քննիչ Տ․ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ռ․ Նաղաշյանը ենթարկվել է սթափության փորձաքննության , եղել է ոչ սթափ։
Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել յուղման կետի տարաներին ու վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։