Աղազարյանը թող թեստ հանձնի, հայտարարի, որ անմեղսունակ է, աֆեկտի տակ է եղել. Ալեքսանյան (տեսանյութ)
«Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում իմ վարքով ու քայլով թիմի հեղինակությանը վնաս հասցնելու համար.... Ես հայտարարում եմ՝ դուրս եմ գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մեծ ցավով, վայր եմ դնում նաև իմ լիազորությունները որպես հաշվիչ հանձնախմբի անդամ»:
Պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու հիմնավորմամբ սեփական կուսակցությունից՝ «Քաղաքացիական պայմանագրից», հեռացված Հովիկ Աղազարյանը օրերս նման հրաժեշտի խոսքերով լքեց խմբակցության և կուսակցության շարքերը:
Աղազարյանը, թեև ոչ ուղիղ, սակայն ընդունեց կուսակցության կողմից մատնանշվող մեղադրանքները, բայց ավելի ուշ դիրքավորվեց այնպես, թե պարզապես իրեն փորձում են ճնշել, թիրախավորել, նախկին կուսակիցները պետք է ապացուցեն այն ամենի ճշմարտացիությունը, ինչի մասին խոսում և հայտարարում են՝ մասնավորապես նկատի ունենալով խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վերջին գրառման բովանդակությունը, այն է, որ Աղազարյանը պետական նշանակության ինֆորմացիա է տրամադրել կոնկրետ լրատվամիջոցի՝ չունենալով դրա իրավունքը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ալեքսանյանն ասում է՝ ամբողջապես տիրապետում է Աղազարյանի նամակագրությունների բովանդակությանը, սակայն իրավունք չունի դրանք հանրայնացնելու:
Ըստ նրա՝ եթե Աղազարյանը միտում չի ունեցել, թող կոգնիտիվ թեստ հանձնի, անմեղսունակության թուղթ ստանա և ասի, որ ինքը անմեղսունակ է, իր արարքների համար պատասխանատու չէ. «Հակառակ դեպքում ինքը դա արել է միտումնավոր»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահը կարծում է, որ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի թեման այլևս ակտուալ չէ, և նրանց ջղաձգումները, որ պարբերաբար արտահայտվում են լրահոսում մնալու համար, շուտով կավարտվեն:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: