Ֆիորենտինայի կիսապաշտպանը դուրս է գրվել հիվանդանոցից․ նա կլքի՞ Սերիա Ա-ն
«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդոարդո Բովեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
«Լավ լուրեր․ Էդոարդո Բովեն 12 օր անց դուրս է գրվում Կարեջիի հիվանդանոցից և վերադառնում է տուն»,- Armsport-ի փոխանցմամբ՝ գրել է լրագրողը X սոցիալական կայքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բովեն այլևս չի կարող խաղալ ֆուտբոլ Իտալիայում։ Դա պայմանավորված է դեֆիբրիլյատորի տեղադրմամբ: Marca-ի հաղորդմամբ՝ «Ֆիորենտինայի» կիսապաշտպանը համաձայնվել է, որ իրեն տեղադրեն ենթամաշկային սրտի կարդիովերտեր, որը կարող է կանխել սրտի հանկարծակի կանգը:
Սակայն, Սերիա Ա-ի կանոնների համաձայն, նման սարք ունեցող ֆուտբոլիստներին արգելվում է հանդես գալ լիգայում: Ինչպես Կրիստիան Էրիկսենի դեպքում, երբ նա ստիպված էր հեռանալ «Ինտերից», Բովեի պայմանագիրը նույնպես կխզվի:
Ֆուտբոլիստը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում՝ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Ինտերի» հետ հանդիպման ընթացքում գիտակցությունը կորցնելու պատճառով: Այդ հանդիպումը, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 1-ին, չավարտվեց:
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի Սերիա Ա-ում մասնակցել է 11 խաղի՝ խփելով 1 գոլ և կատարելով 2 արդյունավետ փոխանցում: Նա նաև մասնակցել է 3 խաղի Կոնֆերենցիաների լիգայում և գրանցել 1 գոլային փոխանցում։