Անձնագիրը՝ կեղծ, հայրը՝ նույնպես․ Բորուսիան արձագանքել է Մուկոկոյի խորթ հոր խոսքերին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուսուֆա Մուկոկոն հայտնվել է սկանդալի կիզակետում։
Bild պարբերականի տրամադրության տակ է հայտնվել խորթ հոր Ջոզեֆ Մուկոկոյի երդման տակ տված ցուցմունքը դատարանում։ Նրա խոսքերով, ֆուտբոլիստը իրականում ծնվել է 2000 թվականի հուլիսի 19-ին, այլ ոչ թե 2004 թվականի նոյեմբերի 20-ին։
— Իմանալով, որ երդման տակ կեղծ ցուցմունք տալը քրեական հանցագործություն է, հայտարարում եմ․ Յուսուֆա Մուկոկոն իմ և կնոջս՝ Մարի Մուկոկոյի կենսաբանական որդին չէ։ Նա նաև չի ծնվել 2004 թվականի նոյեմբերի 20-ին Յաունդեում (Կամերուն)։
Ես Յուսուֆայի համար Յաունդեում կեղծ ծննդյան վկայական ստացա։ Հետո նրան տարա դեսպանատուն, ստացա անձնագիր և տեղափոխեցի Գերմանիա՝ որպես իմ որդի։ Իրականում նա ծնվել է 2000 թվականի հուլիսի 19-ին։ Մենք նրան չորս տարով փոքրացրել ենք, — Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Bild-ը Ջոզեֆ Մուկոկոյի խոսքերը։
Ահա և «Բորուսիայի» հայտարարությունը։
«Յուսուֆա Մուկոկոյի կենսաբանական ծնողները և ծննդյան ամսաթիվը նշված են նրա անձը հաստատող պաշտոնական փաստաթղթերում և ծննդյան վկայականում, որը տրվել է Գերմանիայի պետական մարմնի կողմից։
Այս փաստաթղթերը մինչ օրս վավեր են և հիմք են հանդիսանում նրա իրավունքների և թույլտվության համար, որպեսզի նա հանդես գա ինչպես Գերմանիայում, այնպես էլ արտերկրում և, իհարկե, այնպիսի հավաքականների, ինչպիսին է Գերմանիայի մինչև 21 տարեկանների հավաքականը։
Ուշադրություն դարձրեք, որ ֆուտբոլիստը և նրա կենսաբանական ծնողները, որոնք նշված են վերոնշյալ փաստաթղթերում, մեզ և, ծնողների դեպքում, նույնիսկ երրորդ անձանց երդման տակ հայտնել են, որ վերոնշյալ պաշտոնական փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։
Իհարկե, այս իրավիճակը վճռորոշ նշանակություն ունի մեզ համար, Գերմանիայի ֆուտբոլային միության և խաղացողի ներկայիս ակումբի՝ «Նիցայի» համար», — «Բորուսիայի» խոսքերը փոխանցում է Sky Sport Germany-ը։
Յուսուֆա Մուկոկոն 2016 թվականից հանդես է գալիս «Բորուսիայի» համակարգում։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Նիցայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Գերմանիայի հավաքականի կազմում նա նորամուտն նշել է 2022 թվականին՝ աշխարհի առաջնության խմբային փուլի Ճապոնիայի թիմի դեմ խաղում (1:2) դուրս գալով փոխարինման։