GIZ ընկերության աջակցությամբ Հայաստանը բարձր արդյունքներ է գրանցել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում
Դեկտեմբերի 12-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում Գրիգոր Ներսիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2024 թվականի ամփոփիչ հանդիպումը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների ծրագրի Արևելյան գործընկերության տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Հրաչիկ Յարմալոյանի հետ։
Ընդգծելով կառույցի հետ ձևավորված գործընկերային բարձր մակարդակի հարաբերությունները՝ գործակալության պետը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարության կողմից անձնական տվյալների պաշտպանության ոլորտին դարձվող ուշադրության ու իրականացրած ծրագրերի համար։ 2024 թվականի ընթացքում Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ կյանքի են կոչվել մի շարք կարևոր ծրագրեր, ինչպիսիք են Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պաշտոնական կայքի ստեղծումը, հանրային ծառայողների համար անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ էլեկտրոնային դասընթացի մշակումը, Եվրոպական տվյալների պաշտպանության խորհրդի կարևորագույն ուղեցույցներից մի քանիսի թարգմանությունը, դպրոցներում անձնական տվյալների պաշտպանության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Կարևորվել է նաև գործակալության ներկայացուցիչների շարունակական մասնակցությունը GIZ-ի կազմակերպած միջազգային բազմակողմ միջոցառումներին, որոնք նպաստում են Գործակալության կարողությունների զարգացմանը ու մասնագիտական կառույցների հետ կապերի ձևավորման և փորձի փոխանակման գործընթացներին։
Հրաչիկ Յարմալոյանը իր հերթին նշել է, որ ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը բարձր կատարողական արդյունքներ է գրանցել տարածաշրջանում՝ հատկապես աչքի ընկնելով մասնագիտական ու փորձագիտական ներուժով։ Միաժամանակ Յարմալոյանը տեղեկացրել է, որ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից արդեն հաստատվել է «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների» տարածաշրջանային ծրագրի 3-րդ փուլը, որն իրականացվելու է GIZ-ի կողմից՝ ներառելով համագործակցությունը նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։
Գրիգոր Ներսիսյանն այնուհետև ներկայացրել է Գործակալության առաջիկա ծրագրերը և 2025 թվականի կառույցի սահմանած առաջնահերթությունները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը մի շարք ուղղություններով։
Հանդիպման ավարտին համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքների համար Գրիգոր Ներսիսյանը շնորհակալագիր է հանձնել GIZ հայաստանյան ծրագրերի պատասխանատու Հրաչիկ Յարմալոյանին։