Ի՞նչ անել, երբ երեխայի մոտ ախտորոշվում է ծանրալսություն
Երեխայի մոտ ծանրալսություն ախտորոշման դեպքում, պետք է երեխային տանել համապատասխան հետազոտության, որից հետո կնշանակվի անհատական բուժում:
Բուժումը ներառում է լսողական սարքերի կրում կամ կոխլեար իմպլանտացիան: Վերջինս բարդ, բայց ժամանակակից վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս լսել: Վիրահատության ժամանակ հիվանդի ներքին ականջում դրված հատուկ սարքը ձայնը վերածում է էլեկտրական ազդանշանի եւ փոխանցում լսողական նյարդին, իսկ դրսի հատվածը օգնում է ծրագրավորել և կապի մեջ լինել ներքին իմպլանտի հետ, փոխանցում է Aysor.am-ը։
Էլեկտրոնային սարքը ներքին ականջում տեղադրելուց հետո երեխան մեկ ամիս պետք է սպասի, որպեսզի վերքը լավանա, և միայն դրանից հետո պետք է միացնել սարքը: Երեխաների դեպքում շատ կարևոր է կոխլեար իմպլանտացիան հնարավորինս շուտ անել, որպեսզի երեխան հնարավորություն ունենա սովորել խոսել և ապրել լիարժեք կյանքով:
Իդեալական դեպքում վիրահատությունը պետք է անել կյանքի առաջին 3 տարվա ընթացքում, քանի որ հենց այդ ժամանակ է զարգանում երեխայի խոսքային կենտրոնը: Վիրահատությունից հետո երեխաների հետ աշխատում են սուրդոմանկավարժների խումբ, որոնք նրանց սովորեցնում են խոսել և օգնում արագ հարմարվել նոր կյանքին: