Ոստիկանության Չարենցավանի բաժնում քաղաքացուն ծեծելու ահազանգով գործի նյութերն ուղարկվել են Դատախազություն
Օրերս լրատվական կայքերում և համացանցում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկան ծեծի են ենթարկել մի քաղաքացու՝ պահանջելով, որ նա ընդունի չկատարած հանցագործությունը:
Միաժամանակ, հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկանության ծառայողները հորդորել են, որ վնասվածքների վերաբերյալ հայտնի, թե դրանք ստացել է ընկնելու հետեւանքով:
«Հայկական ժամանակ»-ին Ներքին գործերի նախարարությունից հիշյալի առնչությամբ հայտնեցին, որ ՆԳ նախարարի հանձնարարությամբ անմիջապես ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի շրջանակում օպերատիվորեն պարզվել են որոշ հանգամանքներ։
«Պարզվել է, որ դեկտեմբերի 5-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած վերոհիշյալ տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Չարենցավան քաղաքի զբոսայգում ընկնելու հետեւանքով։
Տղամարդն իր բացատրության մեջ հաստատել է ոստիկանների կողմից բռնության ենթարկվելը:
Միաժամանակ, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն իրենց բացատրություններով հերքել են նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը։ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ ձեռք են բերված փաստաթղթերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն»,- հայտնեցին ՆԳՆ-ից: