Դեսպան Բալայանը Լյուվենի համալսարանում ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության աննախադեպ առաջընթացը
Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը «Հայաստան-ԵՄ գործընկերությունը և ապագայի հեռանկարները» խորագրով դասախոսությամբ հանդես է եկել Լյուվենի կաթոլիկ համալսարանի «Եվրասիայի աշխարհաքաղաքական զարգացումներ» ֆակուլտետի շուրջ 170 սաների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։
Դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստանի և Եվրամիության փոխգործակցության աննախադեպ առաջընթացը։ Նա հանգամանալից կանգ է առել 2024թ. ընթացքում տեղի ունեցած հանդիպումների և ընդունված որոշումների վրա՝ ընդգծելով դրանց պատմական կարևորությունը։ Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին՝ դեսպան Բալայանը կենտրոնացել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառների վրա։
Դասախոսությունից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում Տիգրան Բալայանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրների լուծման շուրջ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ ընդգծելով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու և համագործակցային մթնոլորտ ստեղծելու հրամայականը։
Դասախոսության ավարտին դեսպան Բալայանը համալսարանի գրադարանին նվիրաբերել է Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգության վերաբերյալ գրքեր: