Երևանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին դիտվում է օդում փոշու պարունակության աճ. քաղաքապետարան
Երևանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին, պայմանավորված օդերևութաբանական անբարենպաստ պայմաններով, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտի գետնամերձ շերտում, դիտվում է օդում փոշու պարունակությունների աճ։
Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ։
«Դա ցույց են տալիս նաև 2022 թվականից Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված օդի որակի դիտարկիչ սարքավորումները։ Այս ժամանակահատվածում մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրներին (շինարարություն, տրանսպորտ, բաց հանքերի շահագործում) ավելանում են ջեռուցման նպատակով վառելիքի տարբեր տեսակների այրումը, որը բերում է օրգանական փոշու, ծխի ավելացմանն օդում։ Հատկապես մասնավոր տների գերակշռությամբ թաղամասերում դա զգալիորեն մեծացնում է օդի աղտոտվածության մակարդակը, որովհետև բնական գազից բացի այրում են նաև վառելափայտ, տարատեսակ իրեր և թափոններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ արտադրության, սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ վառարաններում այրելուց, քանի որ դա առաջացնում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 85․1 հոդվածով պատասխանատվության միջոցների կիրառում։
«Երևանը գտնվում է գոգավորությունում և քաղաքի օդափոխությունն ապահովող գլխավոր գործոնը լեռնահովտային քամիներն են, որոնք ամեն երեկո փչում են Գեղամա լեռների լանջերից դեպի Արարատյան գոգավորություն՝ թարմ օդ բերելով քաղաք և ցրելով գոգավորությունում կուտակված օդը։ Սակայն այդ քամիները հոկտեմբեր ամսվա վերջերից դադարում են և մինչև մարտ չեն փչում, Երևանի օդափոխությունը խաթարվում է, և Արարատյան գոգավորությունում հաստատվում է ջերմային շրջադասություն։ Սառը օդը կուտակվում է տեղանքի ցածրադիր հատվածներում և երկար ժամանակ մնում։ Ըստ այդմ, օդում փոշու մասնիկները սեղմվում, կուտակվում մթնոլորտի ստորին շերտերում և աղտոտվածության մակարդակը ավելանում է՝ մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է ֆոնային բարձր աղտոտվածություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով նշված հանգամանքները և մայրաքաղաքում ձևավորված մթնոլորտային օդի ֆոնային բարձր աղտոտվածությունը` Երևանի քաղաքապետարանը մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր պետական մարմինների հետ քննարկում է ձմռան ամիսներին լրացուցիչ կանխարգելող միջոցառումներ անելու հնարավորությունը` աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով։