Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. Հակոբ Արշակյան
Սան Ֆրանցիսկոյում դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Սփյուռքի համաշխարհային համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի և Հնդկաստանի տնտեսական, ինչպես նաև Սփյուռքում համագործակցության նոր ուղիների բացահայտմանը: Այն համախմբել էր տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ ձեռներեցների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, տուրիզմի, կինեմատոգրաֆիայի և այլ ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև ամերիկահայ և հնդկական սփյուռքի ազդեցիկ գործիչների: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Համաժողովը կազմակերպվել էր «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» (ORF/Observer Research Foundation) և Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) կողմից:
ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով, որտեղ անդրադարձել է հայ-հնդկական պատմական կապերին, ընդգծել Հնդկաստանի՝ որպես Հայաստանի մերձավոր և բարեկամ երկիր լինելը:
«Հնդկաստանի հետ մեզ միավորում են քաղաքակրթական, մշակութային խոր կապերն ու ավանդական բարեկամական հարաբերությունները: Հատկապես կարևորում եմ Հնդկաստանի հայ համայնքի դերը, որը նշանակալի ներդրում է ունեցել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Հայաստանի սոցիալ-քաղաքական և մշակութային կյանքում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Մշակութային ժառանգության պահպանման համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Կալկաթայի գործող հայկական քոլեջին և բարեգործական ակադեմիային, Հնդկաստանի հայկական եկեղեցիներին, որոնք վկայում են Հնդկաստանում հայկական համայնքների ակտիվության և Հնդկաստանի կառավարության հոգատարության մասին:
Հայ և հնդիկ ժողովուրդների միջև առկա խոր հարգանքը և մշակութային փոխգործակցությունը խթանում են հայ-հնդկական երկկողմ մշակութային լանդշաֆտի հարստացումը և նոր արժեքների ձևավորումը:
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով, ինչն ամրապնդվել է հատկապես վերջին տարիներին:
Երկու երկրների միջև փոխադարձ այցելություններն ու բարձր մակարդակի հանդիպումները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների փոխայցերն ու ՀՀ ԱԺ նախագահի առաջիկա այցը, ինչպես նաև պաշտպանական և տնտեսական ոլորտներում սերտ համագործակցությունը վկայում են երկկողմ կապերի շարունակական խորացման մասին:
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին նման կարևոր նախաձեռնության համար, որը հնարավորություն է տալիս սփյուռքի ներկայացուցիչներին ու ձեռներեցներին ընդլայնել համագործակցությունը:
Հայկական պատվիրակությունը մասնակցել է «Դիտորդ» հետազոտական հիմնադրամի կազմակերպած գալա ընթրիքին, որին ներկա էին տարբեր ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, արվեստագետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Համաժողովի շրջանակում Դիտորդ հետազոտական հիմնադրամի նախագահ Սամիր Սարան կարևորել է Սփյուռքի համաշխարհային համաժողովի անցկացումը և վստահություն հայտնել, որ այն կունենա շարունակական բնույթ: