«Հակոբ Ասլանյանը վատ բան չի տեսնում Աղազարյանի արածի մեջ, դա խնդիր է մեզ համար». Ալխաս Ղազարյան
«Հակոբ Ասլանյանը պաշտպանում էր Հովիկ Աղազարյանին, և բոլորին հայտնի է՝ ինչ է արել Հովիկ Աղազարյանը. պարբերաբար արտահոսք է կատարել խմբացկության և կուսակցության փակ նիստերից, և եթե մարդը դրա մեջ խնդիր չի տեսնում, դա էլ է մեզ համար խնդիր։ Փաստորեն ինքը ոչ մի վատ բան չի տեսնում Հովիկ Աղազարյանի արածի մեջ, ինչը դեմ է մեր արժեքներին»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչն էր Հակոբ Ասլանյանին խմբացկությունից հեռացնելու պատճառը։
Պատգամավորը նշեց, որ իրենց համար խնրահարույց էր նաև երեկ առավոտյան Հակոբ Ասլանյանի կողմից արված հայտարարությունը՝ հավելելով, որ նախքան նման հայտարարություն անելը Ասլանյանը կարող էր կուսակցության անդամների հետ զրուցել իր մտահոգությունների և մտադրությունների մասին։
«Հովիկ Աղազարյանի դեպքում խմբակցությունից հեռացնելու պատճառն արտահոսքն է եղել, և ասել, որ արտահոսքը նորմալ է, կարգապահական շատ մեծ խախտում է»,–ասաց Ղազարյանը։
Հարցին, թե արդյո՞ք եթե այլ պատգամավորներ էլ պաշտպանեն Հովիկ Աղազարյանին, նույն ճակատագրին կարժանանան, պատգամավորը պատասխանեց. «բնականաբար»։
Լրագրողի հարցին, թե արյդո՞ք տեղի ունեցողը չի նշանակում, որ բոլոր նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի կարծիքից տարբերվող կարծիք են արտահայտվում, հեռացվում են խմբակցությունից, Ալխաս Ղազարյանը պատասխանեց.
«Ով ինչ, ինչպես ուզել է՝ ասել է, որևէ բան արգելված չի եղել, բայց մեզ համար փակ նիստերից արտահոսք իրականացնելն է խնդիր։ Ես կարծում եմ՝ մեր խմբակցությունն ու կուսակցությունը ամենաբացն ու ժողովրդավարն է, բոլորն էլ կարողանում են կարծիք արտահայտել, շփվել լրատվամիջոցների հետ, և երբևէ խնդիր չի առաջացել։ Բայց երբ պարզվում է, որ արտահոսք է իրականացվել, դա մեզ համար իսկապես լուրջ խնդիր է»։
Հարցին, թե պատգամավորը խնդիր չի՞ տեսնում արդյոք, որ իրավապահները քրեական վարույթի շրջանակում առգրավված հեռախոսը երրորդ անձի են փոխանցել, ի պատասխան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն ասաց. «Իրավապահներին պետք է հարցնեք, իրավական գործընթաց է իրականացվել, որի շրջանակում է առգրավվել»։
Անդրադառնալով տարածված լուրերին այն մասին, որ նախքան Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելը, պատգամավորները նրան նվաստացրել և ծաղրել են, Ալխաս Ղազարյանն ասաց.
«Կարող եմ ասել, որ նման բան տեղի չի ունեցել, ընկերական զրույց է եղել, խոսել ենք, հասկացել ենք, որ նա խնդիր չի տեսնում Աղազարյանի արարքի մեջ, այսքան բան։ Մենք խնդիր դրել ենք, որ մանդատը վայր դնի, բայց որոշումը իրեն է մնում»։