Մեր մենթալիտետի մեջ մտցված է, որ մեր պետությունը մեր թշնամին է, մեր պետությունը մեր հակառակորդն է. Փաշինյան
Մենք պետք է անընդհատ առանց հոգնելու կրկնենք՝ ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է, ավելին ասեմ՝ ոչ մի մարդ իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է ՀՀ-ի պետական բյուջեն: Պատկերացնում եք՝ սա ինչ արձանագրում է և ինչ վիճակագրություն: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ոնց որ մսերիցս պոկենք՝ պետական բյուջեին վճարում անենք. ոնց որ թշնամուն ենք տալիս, ոնց որ հակառակորդին ենք տալիս: Մեր մենթալիտետի մեջ մտցված է, որ մեր պետությունը մեր թշնամին է, մեր պետությունը մեր հակառակորդն է: Եվ ովքե՞ր են մտցրել այդ գիտակցությունը. նրանք, ովքեր կարծում են, որ մենք չպետք է ունենանք պետություն, ու մեր բազմաթիվ գործողություններ, քայլեր. մենք չենք էլ հասկանում՝ ինչ ենք անում: Մեր ամենօրյա բառապաշարի մեջ՝ սկսած մեր ռեստորանների, բարերի անուններ դնելու մեջ, մեր փողոցների անուններ դնելու մեջ, մեր հուշարձանների ու իրենց վրա արած գրառումներից, մեր դասագրքերից, մեր բուհական կրթությունից, որից հետո ուսուցիչների հետ գնում է, մտնում դպրոց երեխաների գիտակցության մեջ, ամեն ինչ արված է, որ պետություն չլինի. գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպոստ՝ խնդրեմ, տարածք ուղղակի՝ խնդրեմ, բայց ո՛չ պետություն: ՊԵԿ հարկ չի կարելի վճարել, Հայաստանում ուժեր կան և եղել են միշտ, ովքեր ասում են՝ հարկ մի՛ վճարեք»,- ասաց վարչապետը: