Այսօր էլ ականատես ենք լինում ցեղասպանական գործողությունների. Միրզոյան
Ցեղասպանության հանցագործությունների քննարկման օրակարգն արդեն 5-րդ անգամ է Երևանում մեկտեղում քաղաքաան գործիչների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, ոլորտի հայտնի գիտնականների, դատավորների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Այդ մասին «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրեց՝ ֆորումը հյուրընկալելուց բացի՝ Հայաստանը նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի հեղինակն է, որն ընդունվել է 2024 թվականի մարտին, և դրա հիմնական թեմաներից մեկը եղել է ցեղասպանության վաղ նախազգուշացումն ու վաղ արձագանքումն ապահովելու հարցը:
«Տարիների ընթացքում բանաձևում մշտապես իրականացվել են բովանդակային լրացումներ, իսկ հերթական գլոբալ ֆորումի կազմակերպման ժամանակ երբեք չի եղել քնարկվող թեմաների պակաս, և այս փաստը, որքան էլ տաօրինակ հնչի, որպես դրական արձանագրում չեմ անում: Այս փաստը մի ցավալի իրողություն է, որն արձանագրում է մեր՝ որպես միջազգային հանրության ջանքերի արդյունավետության պակասը, կամ եթե կուզեք անկեղծ՝ մեր հավաքական անկարողությունը՝ կանխելու աշխարհում տեղի ունեցող, մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները և ցեղասպանությունները:
Անգամ օրեր առաջ՝ դեկտեմբերի 9-ին, Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, անգամ դրանից 3 օր առաջ, անգամ դրանից 3 օր հետո՝ այսօր, աշխարհի տարբեր անկյուններում, և հատկապես զինված հակամարտությունների գոտիներում մենք ականատես ենք լինում ցեղասպանական գործողությունների, դրսևորումների, ազդակների, որոնք խոսում են մարդկության դեմ հասունացող նոր հանցագործությունների մասին»,- ասաց նա: