Այսօր կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, հաղորդավար Տիգրան Քյոսայանի ծննդյան օրն է
Ծնվել է 1966թ. հունվարի 4-ին, Մոսկվայում: Ռեժիսոր Էդմոն Քյոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի որդին է: 1984թ. ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետ: 1983թ-ից աշխատում է «Մոսֆիլմ» կինոստուդիայում: Այդ ժամանակ նկարահանել է առաջին «Արևոտ ծովափ» դրաման:
1992թ. նկարահանել է առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը' «Կատկան և Շիզը»: 1993թ. դարձել է «Gold Vision» ստուդիայի հիմնադիրներից մեկը և գեղարվեստական ղեկավարը:
Եղել է ռուսական բազմաթիվ մեծամասշտաբ հեռուստանախագծերի ժյուրիի անդամ:
Նկարահանել է' «Խեղճ Սաշան» (1997թ.), «Նախագահը և նրա թոռնուհին» (1999թ.), «Արծաթափայլ հովտաշուշան» (2000թ.), «Տղամարդու գործ» (2001թ.), «Տղամարդու գործ 2» (2002թ.), «12 աթոռ» (2003թ.), «Նապաստակն անդունդի վրա» (2006թ.), «Միրաժ» (2008թ.) ֆիլմերը: