Bloomberg. Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը
Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Bloomberg-ը։
Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ նոր ռեկորդը գրանցվել է Մասկի SpaceX մասնավոր ընկերության բաժնետոմսերի վաճառքով, որն ավելացրել է նրա կարողությունը 50 մլրդ դոլարով՝ հասնելով 439,2 մլրդ դոլարի։
2022 թվականի վերջին հարստության զգալի անկումից հետո, երբ այն կրճատվեց 200 միլիարդ դոլարով, վերջին ամիսներին Մասկի ֆինանսական աճը հատկապես զգալի է։ Նոյեմբերին Դոնալդ Թրամփի նախագահական հաղթանակը նոր խթան հաղորդեց՝ Tesla-ի բաժնետոմսերը բարձրացնելով 65%-ով։ Դա տեղի ունեցավ ինքնակառավարվող մեքենաների ավելի հեշտ կանոնների և ընկերության մրցակիցների համար հարկային արտոնությունների դադարեցման ակնկալիքների ֆոնին:
Բացի այդ, Մասկի արհեստական ինտելեկտի xAI ստարտափի արժեքը ընտրություններից հետո կրկնապատկվել է՝ հասնելով 50 միլիարդ դոլարի։ Ձեռնարկատերը նաև առանցքային դեր է ստանձնելու Թրամփի նոր վարչակազմում՝ որպես ԱՄՆ կառավարության նոր գրասենյակի համանախագահ, որը նրան թույլ կտա ուղղակիորեն մուտք գործել Սպիտակ տուն:
SpaceX-ն այս շաբաթ ավարտել է 1,25 միլիարդ դոլար արժողությամբ գործարք՝ աշխատակիցներից և այլ ինսայդերներից բաժնետոմսերը հետ գնելու համար՝ բարձրացնելով ընկերության արժեքը մինչև 350 միլիարդ դոլար և այն դարձնելով աշխարհի ամենաթանկ մասնավոր ընկերությունը: