Աբովյանում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ գտնվող դաշտամիջյան տարածքում, հնարավոր է զենք-զինամթերք լինի, հայտնում է Shamshyan.com-ը։
Համայնքային ոստիկաններն ու պարեկները, մոտ 1 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հաստաբուն ծառի փչակում հայտնաբերում են կասկածելի տոպրակներ, ինչից հետո տեղեկությունը փոխանցվում է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լիանա Իսպիրյանի գլխավորությամբ։ Օպերացիան կրում է «Ի՞նչ կա ծառի փչակում» անվանումը։
Ժամանել է նաև փորձաքրեագետը։
Տեղում սակրավորները պարկերի միջից դուրս են բերում ինքնաձիգ, ատրճանակներ, մարտական նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ տեսակի զենք, զինամթերք։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Լ․ Իսպիրյանի որոշմամբ հայտնաբերվածը փաթեթավորվում և տեղափոխվում է քննչական բաժին։
Դեպքի փաստով Լ․ Իսպիրյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով զենք-զինամթերքը հայտնաբերվել է ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների կատարած աշխատանքի արդյունքում ու քաղաքացին, ընդառաջելով համայնքային ոստիկանների հորդորներին, այն թողել է նշված վայրում, ապա զանգահարել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ ինքը Արցախյան պատերազմների մասնակիցներից է և զենք-զինամթերքը թողնում է Կոտայքի ռազմական ոստիկանության մոտ՝ դաշտամիջյան հատվածում։