Զելենսկին հայտարարել է ուկրաինական նոր հրթիռի հաջող փորձարկումների մասին
Ուկրաինայի զինված ուժերը և երկրի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները նոր «Ռուտա» հրթիռի հաջող փորձարկումներ են անցկացրել։ «Մեդուզա» պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բորիս Պատոնի անվան ազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ։
Զելենսկին հրթիռի ոչ մի տեխնիկական բնութագիր չի ներկայացրել։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ նոր հեռահար հրթիռ-անօդաչու «Պալյանիցա»-ն, որն առաջին անգամ օգտագործվել է մարտական պայմաններում 2024 թվականի օգոստոսին, մտել է զանգվածային արտադրության մեջ։ Մարտերում հաջողությամբ օգտագործվել է նաև «Պեկլո» հրթիռ-անօդաչուն։
««Պեկլո» հրթիռ-անօդաչուն առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է մարտերում։ Օրերս առաջին խմբաքանակը հանձնեցինք մեր Պաշտպանության ուժերին։ Հեռահար «Նեպտուն»-ը շուտով սարսափելի իրականություն կդառնա օկուպանտների համար»,- հավելել է Զելենսկին։
Ռուսաստանի դեմ պատերազմում, ըստ Ուկրաինայի նախագահի, «ակտիվորեն օգտագործվում են» Ուկրաինայում մշակված և արտադրված տարբեր նպատակների համար նախատեսված անօդաչու թռչող սարքեր։
«Դրանք օգտագործվում են ինչպես ճակատում, այնպես էլ թշնամու թիկունքում», - նշել է Զելենսկին։