Ասլանյանը չի կարող սառեցնել անդամակցությունն ու նորից հետ վերադառնալ. Հրաչյա Հակոբյան
Ես որքան հիշում եմ՝ մեկ ամսով կամ առհասարակ ինչ-որ ժամանակով խմբակցության անդամակցությունը դադարեցնելու մասին ոչինչ չկա գրված, որ մարդը կարողանա, օրինակ, կուսակցությունից կամ խմբակցությունից իր անդամությունը մեկ ամսով սառեցնել կամ դադարեցնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամվոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, թե մեկ ամսով սառեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը:
«Այդպիսի մեխանիզմ կարծես թե չկա: Թե ինչպես է պատկերացնում պարոն Ասլանյանը մեկ ամիս դադարեցնել, հետո մեկ ամսից վերադառնալ, խնդրում եմ իրեն հարցրեք»,-ասաց նա:
Հարցին՝ մտահոգություն չունի, որ խմբակցության այլ անդամներ ևս կարող են դուրս գան խմբակցությունից, մանդատը վայր չդնեն, և թիմը պառակտվի, Հակոբյանը պատասխանեց. « Չէ, թիմի պառակտվելու հետ կապված մտահոգություն չունեմ: Չեմ բացառում, որ կարող է դուրս գան կամ մանդատից հրաժարվեն, բայց մտահոգություն, որ թիմը կպառակտվի, ես չունեմ»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդել ենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից գուցե դուրս գա, բայց մանդատը վայր չդնի: