ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցողին մանրամասներ են ներկայացրել ՀՀ-ի առկա և կարճված վարույթների մասին
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիուի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը կարևորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ մասնավորեցնելով այս պահի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վարույթները, ինչպես նաև՝ 2024թ-ի ընթացքում կարճված գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալները: Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանն ունի 76 վարույթ, որոնցից 5-ն արագացված ընթացակարգով վերահսկվող գործերի խմբեր են։
Հյուրերի խնդրանքով Տիգրան Դադունցը մանրամասներ է փոխանցել առկա և կարճված վարույթների մասին: Նա նշել է, որ ՄԻԵԴ-ի վճիռները մեծ կարևորություն ունեն մեր երկրի համար՝ շեշտելով դրանց նշանակությունը օրենսդրության կատարելագործման և պրակտիկայի հարցում: Այս առումով փոխնախարարը ներկայացրել է 2021 թվականին վարչապետի որոշմամբ ստեղծված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին տվյալներ: Արդյունավետ գնահատելով հանձնաժողովի աշխատանքը՝ Տիգրան Դադունցը շեշտել է, որ դրա խնդիրը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների իրականացումն է՝ ներառյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումը: Եվրոպացի հյուրերը հետաքրքրվել են մեր երկրի օրենսդրությանը և իրավակիրառ պրակտիկային վերաբերող հարցերով: